Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Օլանդին մատնել են կոշիկները

Օլանդին մատնել են կոշիկները
26.01.2014 | 17:12

Սիրային պատմությունը, որին հետևում էին առանց չափազանցման բոլոր ֆրանսիացիները, վերջապես հանգուցալուծման հասավ։ Նախագահ Օլանդը բաժանվեց իր քաղաքացիական կնոջից՝ Վալերի Թրիերվեյլերից։ Պատճառը նախագահի սիրավեպն էր, որը հանրության սեփականությունը դարձավ 2 շաբաթ առաջ։ «Ֆրանս պրեսին» տված հեռախոսային հարցազրույցում նախագահ Օլանդը հայտնել է, որ խզել է կապերը երկրի առաջին տիկնոջ հետ։ Նրանց սիրավեպը, որ տևել է 7 տարի, ավարտված է։

Մի քանի օր առաջ մամուլի ասուլիսում նույնիսկ ուղիղ հարց են տվել նախագահին՝ կարելի է արդյոք տիկին Թրիերվեյլերին համարել երկրի առաջին տիկին։ «Ամեն մարդ իր անձնական կյանքում հաղթահարում է դժվարություններ, և մենք բացառություն չենք։ Շատ դժվար պահ է։ Մարդու անձնական կյանքը միայն նրա գործն է։ Անձնական կյանքին պետք է վերաբերվել հարգանքով։ Հիմա այդ հարցը քննարկելու տեղն ու ժամանակը չէ։ Բայց ես այդ հարցին կպատասխանեմ ԱՄՆ կատարելիք իմ այցից առաջ»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է Ֆրանսուա Օլանդը։

Առաջին անգամ նախագահի անձնական կյանքում տեղ գտած ճգնաժամի մասին տեղեկացրել է մի ամսագիր, որը հայտնի է իր սկանդալային հրապարակումներով։ Պարբերականը ներկայացրել էր լուսանկարներ, որտեղ երևում էր, թե ինչպես է նախագահն այցելում դերասանուհի Ժուլի Գայեի բնակարան՝ ընդամենը մի թիկնապահի ուղեկցությամբ։ Թեև այցելուների դեմքերը փակ էին, ամսագիրը նախագահին ճանաչել է կոշիկներից։ Սկանդալային լուսանկարն արած պապարացին նույնիսկ մտավախություն էր հայտնել, որ առանց թիկնապահների շրջող նախագահը կարող է թիրախ դառնալ ահաբեկիչների համար։

«Ֆրանս պրեսին» տված հարցազրույցում Օլանդը չի խոսել դերասանուհու հետ իր սիրավեպի մասին։ Նա միայն ընդգծել է, որ զանգահարել է որպես սովորական քաղաքացի։ Օլանդը երբեք ամուսնացած չի եղել։ Նա ունի 4 զավակ Սիգոլեն Ռոյալի հետ քաղաքացիական ամուսնությունից։ Վալերի Թրիերվեյլերի հետ հարաբերությունները Օլանդը նույնպես չի օրինականացրել։

Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը նույնպես պահպանում է լռությունը։ Հունվարին մեկ շաբաթ նա անցկացրել է հիվանդանոցում՝ ապաքինվելով սթրեսից։ Մամուլը գրում է, որ իմանալով ամուսնու դավաճանության մասին՝ նա իսկական հիսթերիա է սարքել Ելիսեյան պալատում, նույնիսկ կոտրել է Լյուդովիկոս 16-րդի ժամանակների մի սկիհ, որն արժե 3 միլիոն եվրո։ Այսօր արդեն Վալերի Թրիերվեյլերը բարեգործական այցով մեկնում է Հնդկաստան։

Մամուլը գրում է, որ Օլանդի անկեղծության պահը պատահական չէ ընտրված։ Կիրակի Փարիզում անցկացվելու են երկրի ղեկավարի վարած քաղաքականության դեմ ուղղված զանգվածային ցույցեր։ Նշենք, որ ժամանակակից Ֆրանսիայի պատմության մեջ Օլանդը նախագահական ամենացածր վարկանիշն ունի։

Դիտվել է՝ 1204

Մեկնաբանություններ